Բաժիններ՝

Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար դոլարով․ կանադահայերը 530 հազար դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։

Միջոցառումը նվիրված էր Կանադայի 150 եւ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։

Խոսքով հանդես եկավ նաեւ Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանը, ով կարեւորեց Հիմնադրամի դերն անկախ Հայաստանի եւ Արցախի զարգացման գործում։

Տորոտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրեց իրականացված վերջին 12 ծրագրերը, նշելով, որ այս 25 տարիների ընթացքում ընդհանուրը 72 ծրագիր է կյանքի կոչվել տորոնտոհայերի հանգանակություններով։ Վերջին ձեռնարկներն են՝ դպրոցի կառուցում Ուխտասար համայնքում, շտապ օգնության մեքենայի նվիրաբերում եւ ջրամատակարարման ապահովում Դադիվանք համայնքին, չորս բնակելի տան կառուցում Ճարտարում, Ուխտաձորում, Կուսապատում, Լուսաձորում, սանհանգույցների կառուցում Շուշիի, Ամարասի եւ Դադիվանքի վանական համալիրներին կից, Կյանքի կենտրոնի կառուցում Խնձորիստան համայնքում եւ բացօթյա մարզահրապարակի կառուցում Նալբանդյան համայնքի դպրոցի համար, որը վերանորոգվել եւ մասնակիորեն վերակառուցվել է տորոնտոհայ բարերարներ Պերճուհի եւ Արմեն Նալպանտեանների հովանավորությամբ 2016 թվականին։ Ներկայացվեցին նաեւ ընթացիկ ձեռնարկներն ու 2018 թվականի «Ջուրը կյանք է» խորագրով ծրագիրը՝ ոռոգման ջրի ապահովումը գյուղական համայնքներին։

Կարեւորագույն այս ծրագիրը ներառում է խորքային հորերի հորատում, էլեկտրական պոմպակայանի եւ ջրատարների կառուցում, որոնց միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջուրը հասցնել բազմազավակ ընտանիքների տնամերձ հողակտորներ՝ մշակելի դարձնելով դրանք։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ միջոցառումներ՝ գումար հավաքագրելու համար։ Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս