Բաժիններ՝

Փարիզում սգո արարողություններ են անցկացվում ի հիշատակ նոյեմբերի 13-ի ահաբեկչության զոհերի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն եւ այլ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ նոյեմբերի 13-ին մասնակցում են 2015 թվականի նույն օրը ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողություններին։

Մասնակիցների թվում են՝ երկրի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Ֆրանսուա դե Ռյուժին, ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը, Սեն Դենիի քաղաքագլուխ Լորան Ռյուսիեն եւ ուրիշներ: Նաեւ արարողություններին մասնակցում է պետության ղեկավարի կինը՝ Բրիժիտ Մակրոնը:

Հիշատակի միջոցառումների անցկացման առաջին վայրը դարձել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը, որտեղ 2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցավ առաջին հարձակումը. մուտքերից մեկի մոտ պայթեցվեցին «մահապարտների գոտիներ»: Մակրոնը եւ Ռյուսիեն ծաղիկներ են դրել ահաբեկչության առաջին տարելիցին մարզադաշտի մոտ տեղակայված հուշատախտակին: Այնուհետեւ նրանք շփվել են զոհվածների հարազատների եւ ուժային գերատեսչությունների ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Օրվա ընթացքում համանման արարողություններ կանցկացվեն եւս հինգ վայրերում՝ ահաբեկիչներից տուժած չորս սրճարաններում եւ «Բատակլան» համերգասրահի մոտ, որտեղ ահաբեկիչները պատանդներ էին պահում:

2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների երեք խմբեր փոխհամաձայնեցված հարձակումներ են կատարել Փարիզում եւ նրա Սեն Դենի արվարձանում: Երեք ջիհադականներ «մահապարտների գոտիներ» են պայթեցրել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշի մոտ, որտեղ ֆուտբոլային մրցախաղ էր ընթանում Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների միջեւ: Առնվազն երեք մարդուց բաղկացած մեկ այլ խումբ սրճարանների ու ռեստորանների վրա է գրոհել Փարիզի արեւելյան շրջանում: Եվս երեքը պատանդներ են վերցրել «Բատակլան» համերգասրահում:

Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 130 մարդ, վվիրավորվել է ավելի քան 350 հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս