
«Բուհերը պետք է լինեն քաղաքականացված». Լարիսա Մինասյան

«Համաձայն եմ, որ բուհերը քաղաքականացված չեն, որովհետև քաղաքականությունը լրիվ ուրիշ բան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստանի» տնօրեն Լարիսա Մինասյանը:
Նրա խոսքով՝ բուհերը պետք է լինեն քաղաքականացված, որովհետև, ըստ նրա, բուհերում պետք է քննարկվի հանրային քաղաքականությունը՝ տնտեսության, իրավունքի, արդարության, կրթության. «Բուհերը, միանշանակ, չպետք է լինեն կուսակցականացված: Այսօր բուհերը կուսակցականացված են, որովհետև դրանք իշխանական վերահսկողության տակ են: Համաձայն չեմ, որ մենք ակադեմիական ազատությունը հավասարեցնում ենք խոսքի ազատության: Ակադեմիական ազատությունը միակ, առաջին, անփոխարինելի պայմանն է, որի դեպքում կարելի է խոսել կրթության և գիտության մասին»:
Լ. Մինասյանը գտնում է՝ ակադեմիական ազատությունը մեծապես խախտված է, որովհետև կա գործադիրի օրենսդրական և ֆինանսական անհարիր վերահսկողություն. «Այն, որ կա խնդիր ակադեմիական ազատության հետ, դա, անշուշտ է: Ակադեմիական կրթության երաշխիքները չկան»: