Emirates ավիաընկերությունը Boeing-787 Dreamliner 40 ինքնաթիռ է պատվիրել
Emirates Airline-ը, որն աշխարհի խոշորագույն ավիաընկերությունն է միջազգային ուղեւորափոխադրումների ծավալով, պատվիրել է Boeing-787 10 Dreamliner լայնաֆյուզելյաժ 40 ինքնաթիռ, որոնց արժեքը նախքան զեղչերի հաշվառումը գերազանցում է 15 մլրդ դոլարը։
Ավիափոխադրողը ընդգրկուն պատվերի մասին հայտարարել է Դուբայի ավիասալոնի շրջանակներում: Ենթադրվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններին «երազանքի օդանավերի» մատակարարումները կսկսվեն 2022 թվականին:
Emirates Airline-ի տնօրենների խորհրդի նախագահ շեյխ Ահմեդ բեն Սայիդ ալ Մաքթումի խոսքով՝ Boeing-787-ը «ավելի հաջող տարբերակ է ընկերության համար»: Boeing-787-10-ը Dreamliner-ի երկարացված տարբերակն է, որը տեղավորում է 300-330 ուղեւորների՝ կախված սրահի կոնֆիգուրացիայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: