
«Չփորձարկված գազի բալոնով մեքենան անհնար է լինելու լիցքավորել». ԱԳԼՃԿ-ներում սպասվում են փոփոխություններ

«Գազալցակայաններում այս տարի իրականացվել են բավականին շատ ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են բավականին խնդիրներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներինախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։
Նա նշեց, որ տեսչական մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխության առաջարկով, մոտ ժամանակներս կլինի այդ փոփոխությունը, ինչը ոլորտն անվտանգ կդարձնի։
«Մենք անընդհատ լսում ենք, որ գազալկցակայանում պայթյուն է եղել, ունենում ենք զոհեր, մենք պետք է այդ վիճակը կարգավորենք, որ գազի բալոնը չպայթի, մարդու կյանքը վտանգված չլինի»,-ասաց նա։
Ստուգումների արդյունքում հայտնաբերած խնդիրները նա բաժանեց երկու մասի. «Առաջին՝ գազալցակայանում ճնշումը բարձր է լինում, երկրորդ՝ մեքենայի վրա տեղադրում են անհայտ ծագման և չփորձարկված գազի բալոն։ Մեր օրենսդրական նախագծով չափորոշիչներ են սահմանվելու, և չփորձարկված գազի բալոնով մեքենան անհնար է լինելու լիցքավորել։ Քանի որ հիմա չփորձարկված բալոններ են տեղադրված, մոտենում են գազալցակայան և պայթյուն է լինում։ Բոլոր բալոնները պետք է փորձարկված լինեն, իսկ գազի ճնշումը համապատասխանի տեխկանոնակարգին»։