Բաժիններ՝

Դատախազը 7 տարվա ազատազրկում պահանջեց Սամվել Բաբայանի համար

«Սամվել Բաբայանի և մյուսների» գործով մեղադրող Արամ Արամյանի գնահատմամբ՝ դատաքննությամբ ապացուցվել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը եւ պնդեց մեղադրանքները ողջ ծավալով։ Նա ամենածանր պատիժը պահանջեց Սամվել Բաբայանի համար։

Դատախազը մասնավորապես միջնորդեց Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդված 2-րդ մասով, 190-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Գործարար Սանասար Գաբրիելյանին և ամբաստանյալ Արմեն Պողոսյանին մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով. Գործարարի համար դատախազը պահանջեց 4 տարվա, իսկ Արմեն Պողոսյանի համար՝ 3 տարվա ազատազրկում։

Քոչարյան եղբայրներին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի առաջին մասով, սակայն պահանջեց տարբեր պատժաչափեր։ Եղբայրներից մեկին՝ Անդրանիկ Քոչարյանին եւ ամբաստանյալ Ժ.Զաքարյանին դատախազը միջնորդեց դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման ՝ 3 տարվա փորձաշրջանով, մյուս եղբորը՝ Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Դ.Հարությունյանին՝ 2 տարվա ազատազրկման։

Իր ճառում մեղադրող դատախազը հայտարարեց, որ դատավարության ժամանակ պաշտպանական կողմը ձգտել է ստվեր նետել մեղադրանքի վրա՝ կասկածի տակ դնելով դրա հավաստիությունը, գործով ձեռք բերված ապացույցները։ Նաև ասաց, որ պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում փորձել է ապացույց հանդիսացող «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ներկայացնել որպես անպիտան խողովակ կամ իրենց խոսքով՝ «տրուբա»։

Դատախազի խոսքով, եթե պաշտպանական կողմը համաձայն չէր փորձագետի եզրակացության հետ, որը հաստատել է դրա՝ զենիթահրթիռային համալիր լինելը, ապա կարող էր վիճարկել փորձաքննության արդյունքները։

«Առնվազն կասկածելի է՝ ինչպե՞ս պաշտպանական համակարգում երկար տարիներ աշխատած Բաբայանը չի կարող տարբերել զենիթահրթիռային համակարգը անպիտան տրուբայից», – հայտարարեց դատախազը։

Մեղադրողը նշեց, որ որպես Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանի պարագայում որպես ծանրացուցիչ հանգամանք դիտել նրանց կողմից դրսեւորված առանձնապես ակտիվ դերը։

Պաշտպանական կողմը ժամանակ ուզեց պաշտապանական ճառի համար եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 20-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս