«Ես երջանիկ եմ «Լիվերպուլում» և գոհ եմ իմ կյանքից». Ֆիլիպե Կոուտինիո
«Կարմիրների» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն հայտարարել է, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս իր ներկայիս ակումբում:
Բրազիլացի կիսապաշտպանը շարունակում է գտնվել «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում, որը չկարողացավ ձեռք բերել նրան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Չնայած շշուկներին այն մասին, որ Կոուտինիոն ուզում է տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք, ֆուտբոլիստն ինքը հայտարարել է, որ երջանիկ է «Լիվերպուլում»:
«Ես խաղում եմ աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում: Ես երջանիկ եմ: Հիմա պետք է կենտրոնանամ ազգային թիմի վրա և ես միանգամայն գոհ եմ կյանքից: Ես 100 տոկոսով լավ մարզավիճակում եմ: Ես բաց թողեցի վերջին խաղերը վնասվածքի պատճառով, բայց հիմա վերադարձել եմ և լրիվ պատրաստ եմ խաղին»,- Ֆիլիպեին է մեջբերում Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել Կոուտինիոյին ձմռանը, իսկ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին՝ ամռանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը