
«Բելգրադը ձգտում է դեպի ԵՄ, բայց չի միանա Մոսկվայի դեմ պատժամիջոցներին». Դաչիչ

Սերբիան ձգտում է անդամակցել Եվրամիությանը, բայց չի միանա Բրյուսելի հակառուսական ուղեգծին եւ պատժամիջոցներ չի սահմանի Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարարության ղեկավար Իվիցա Դաչիչը նոյեմբերի 13-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Սերբիան ցանկանում է մտնել Եվրամիություն, բայց մենք երբեք չենք գնա սեփական ազգային շահերի դեմ եւ երբեք պատժամիջոցներ չենք սահմանի բարեկամների դեմ»,- ասել է նա: Դաչիչը պարզաբանել է, որ «Սերբիան հետեւողական կմնա իր քաղաքականության մեջ եւ չի միանա Եվրոպայի հակառուսական պատժամիջոցներին»:
Սերբիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների շուրջը բանավեճը վերջին շաբաթներին սրվել է նաեւ Բելգրադում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Ալեքսանդրովիչի մի շարք հայտարարությունների հետեւանքով, որը Սերբիային մեղադրել է այն բանում, որ նա ինքնուրույն քաղաքականություն չի վարում եւ Մոսկվայի կողմից օգտագործվում է Բալկանների իրադրության ապակայունացման համար: Սերբիայի արտգործնախարարությունն Ուկրաինայի դեսպանին սպառնացել է արտաքսմամբ հակասերբական եւ ռուսատյաց արտահայտությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: