
Եվրախորհրդարանի ղեկավարը Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիայի պարտքը գնահատել է 60 մլրդ եվրո

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում պետք է Միությանը վճարի առնվազն 60 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին նոյեմբերի 13-ին Funke-ում հրապարակված հարցազրույցում։
«Իմ կարծիքով՝ դա պետք է լինի առնվազն 60 միլիարդ եվրո»,- ասել է նա՝ նշելով, որ այն դեպքում, եթե Լոնդոնը հրաժարվի վճարել այդ գումարը, տարբերությունն ստիպված կլինեն հատուցել Եվրամիության մյուս երկրների քաղաքացիները:
Եվրախորհրդարանի ղեկավարը նաեւ առանձնապես ընդգծել է, որ Brexit-ը սահմանված ժամկետում՝ 2019 թվականի մարտին, «հնարավոր է սոսկ այն դեպքում, եթե հաջողվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը պարփակ համաձայնության հասնել երեք կարեւոր կետերի՝ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի քաղաքացիների իրավունքների ապահովման, Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի եւ Եվրամիությանը վճարումների հարցերի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: