Բաժիններ՝

Մանիլայում բացվել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովը

Մանիլայում (Ֆիլիպիններ) նոյեմբերի 13-ին պաշտոնապես բացվել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 31-րդ գագաթնաժողովը, որն այս օրերին ընդունել է 19 պետությունների ղեկավարների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գագաթնաժողովը բացել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն: Բացի անմիջականորեն ԱՍԵԱՆ-ի մեջ մտնող պետությունների ղեկավարներից, համաժողովի բացմանը նաեւ ներկա էին աշխարհի այլ երկրների ղեկավարներ, որոնց երկրներն «ասիական տասնյակի» երկխոսության գործընկերներ են: Մասնավորապես, այստեղ են հավաքվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, Ճապոնիայի եւ Կանադայի վարչապետներ Սինձո Աբեն եւ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Այս միջոցառման շրջանակների մեջ են մտնում Արեւելասիական գագաթնաժողովը, ինչպես նաեւ ԱՍԵԱՆ-ի գործարար գագաթնաժողովը, որն այս տարի միավորում է ավելի քան 800 պատվիրակների գործարարության եւ քաղաքականության աշխարհից: ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի օրակարգում ներառված հարցերը վերաբերում են, մասնավորապես, ծայրահեղականության հակազդմանը, տարածարջանային ենթակառուցվածքի կառուցմանը:

ԱՍԵԱՆ-ի անդամներ են՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ Ֆիլիպինները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս