
Առնվազն 141 մարդ է զոհվել Իրանի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

Առնվազն 141 մարդ է զոհվել, ևս ավելի քան հազար հոգի՝ տուժել նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի հետ սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այս տվյալները նոյեմբերի 13-ին ներկայացրել է Fars News Agency իրանական գործակալությունը՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:
Առավել շատ զոհեր ու ավերածություններ են գրանցվել Իրանի Քերմանշահի և Իլամի նահանգներում: Ստեղծված ճգնաժամային շտաբի տվյալներով՝ հենց դրանց Է բաժին հասել տարերքի հիմնական հարվածը:
Իրանի նախագահ Հասան Ռոհունանին կարգադրել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել է որոնողական ու փրկարարական գործողություններ:
Ինչպես նշում են տեղական ԶԼԱ-ները, նահանգների օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, տուժածներին Թեհրան ուղարկելու համար պատրաստվել են 20-ից ավելի բանակային ուղղաթիռներ: Ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ նավթի ու գազի ենթակառուցվածքը, չեն տուժել:
Իրենց տները լքած բնակիչները գիշերել են փողոցում՝ զգուշանալով հետցնցումներից: Մի քանի ժամվա ընթացքում գրանցվել են 3,6-ից մինչև 4,7 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Սարպոլ է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս և Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: