Բաժիններ՝

Ինովացիան՝ տնտեսության զարգացման մեյնսթրիմ ուղղություն. մեկնարկել է Բիզնես ինովացիոն ֆորումը

Այս օրերին Դիլիջանում անցկացվում է ամենամյա Բիզնես ինովացիոն միջազգային ֆորումը: Ֆորումի մասնակիցները ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ երկօրյա համաժողովին քննարկում են ոլորտի զարգացման հնարավորություններն ու սպասվելիք մարտահրավերները: Կազմակերպիչները նշում են, որ ինովացիոն ֆորումն ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է կրթական, տեխնոլոգիական և գործարար այլ ոլորտների տեղական ու միջազգային փորձագետների համար, ովքեր թեմատիկ քննարկումների և շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաև կձևավորեն հետագա գործողությունների պլան:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունենրի միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ միջոցառման կայացման գործում աննախադեպ աջակցություն են ստացել ԵՄ-ից, GIZ կազմակերպությունից, ինչպես նաև կառավարությունից: Ըստ Կարեն Վարդանյանի՝ կառավարությունն իրենց աջակցել է առաջին ինովացիոն ֆորումից սկսած:

«Բիզնես ֆորումն արդեն 5-րդ անգամ անցկացնելու նպատակն առաջին հերթին հարթակ ունենալն է: Մենք, իհարկե, թեմաները կարևորում ենք, բայց հիմնականում մեր առջև դրել ենք ենթակառուցվածքային խնդիր: Մենք խնդիր ենք դրել՝ Հայաստանում ունենալ մի հարթակ, որտեղ կարող ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու խնդրի վերաբերյալ սրտացավ մարդկանցով հավաքվել, իրար հետ խորհրդակցել, հասկանալ, թե ինչ է պետք անել այս պահին, և գնալ առաջ: Բիզնես ֆորումի հիմնական նպատակը դա է: Այստեղ մարդիկ ենք, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր»:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ արդեն 5-րդ ինովացիոն ֆորումում ևս ստեղծված է այնպիսի մթնոլորտ, որտեղ կարելի է քննարկել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք հետաքրքիր թեմաներ:

«Այս տարի նույնպես մենք ունենք շատ հետաքրքիր թեմաներ և խնդիրներ:

Եթե առաջ մենք IT-ն դիտարկում էինք՝ որպես առանձին ոլորտ, հիմա դա տեսականորեն անհնար է, քանի որ հիմա IT ոլորտի լուծումները կիրառել են ցանկացած ոլորտի բիզնեսի և արտադրության մեջ: Մեր ընտրած հիմնական թեմաների միջոցով փորձելու ենք հասկանալ, թե ինչպես IT-ն կարող է օգնել մյուս ոլորտների առաջխաղացմանը»:

Ալեքսանդր Եսայանը նշում է նաև աշխատանքային երկու օրերի համար ընտրված թեմաները՝

  • Թվայնացումը՝ որպես նոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար
  • Գիտահետազոտական մշակույթը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում
  • Նորարարական աճի ուղիները. Հայաստանի նորարարության ռազմավարությունը
  • Մտավոր սեփականության և տեղեկատվական անվտանգության խնդիրներն ու լուծումները
  • Հայաստանի ՏՀՏ և ԲՏ կրթության ապագան:

Այս տարի միջազգային փորձագետներ են ժամանել Գերմանիայից, Բելգիայից և Ռումինիայից: Հայաստանից մասնակցում են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, Ucom, Դ-Լինկ, GG, Մեյսիս Թեք, Ֆայմտեք, Ինսթիգեյթ, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ԳԿՀ-ի, Բրևիս և այլ ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը մեզ հետ զրույցում նշում է, որ իրենք կարողացել են աջակցել ֆորումի իրագործմանը:

«Մեր նախաձեռնությունը ցանկանում է գտնել Հայաստանում նորարարական գաղափարները և դրանք շուկա հանելու տարբերակները: ԵՄ-ի պատվիրակությունն աջակցում է տնտեսության զարգացմանը Հայաստանում: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի էլ ավելի նորարար: Մեր այսօրվա գլխավոր թեման նորարարությունն է: Մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացնում և ուրախ ենք տեսնել Հայաստանը՝ որպես մասնակից երկիր:

Մենք նպատակ ունենք օգնել զարգացնել փոքր ու միջին ձեռնարկությունները, քանի որ դրանք ցանկացած տնտեսության ողնաշարն են: Մեր նպատակներից մեկն այն է, որ օգնենք բարձրացնել մրցունակությունը Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններում»:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Մարիա Նահերն էլ մեզ հետ զրույցում ընդգծում է, որ հատկապես կարևոր է մասնակիցների ոգևորությունն ու ներգրավվածությունն աշխատանքներում:

«Մենք աշխատում ենք փոքր և միջին ձեռնարկությունների հետ և կարծում ենք, որ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ: Մենք ցանկանում ենք քննարկել փոքր և միջին ձեռնարկությունների ապագան և գտնել լավ լուծումներ: Մասնակիցների մեծ քանակը մեզ լավ հնարավորություն է տալիս քննարկելու ապագայի բոլոր հավանական հնարավորություններն ու լուծումները:

Ինովացիան Հայաստանում պետք է լինի մեյնսթրիմ մոտեցում: Դրա շրջանակներում տարբեր կողմերը պետք է միավորվեն և աշխատեն միասին, որպեսզի կարողանան վեր հանել Հայաստանի նորարարական ողջ պոտենցիալը:

Մենք ցանկանում ենք Հայաստանում ստեղծել հարթակներ, որտեղ կարող են գործել և զարգանալ նորարարական կազմակերպությունները»:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բիզնես ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս