«Մենք կարող ենք քաղել ուրիշի դառը փորձի դառը պտուղը»․Արմեն Աշոտյանը՝ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդրին, ասաց, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար կան որոշակի պայմաններ, և խնդիրն, ըստ նրա՝ նախ և առաջ եվրոպական գործընկերների քաղաքական կամքի մեջ է։
Նրա խոսքով՝ Եվրոպան լուրջ միգրացիոն խնդրի առջև է կանգնած, իսկ, օրինակ՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզաների ազատականացումից հետո, Աշոտյանի խոսքով՝ այդ երկրների հազարավոր քաղաքացիներ խախտել են համաձայնագիրը.
«Միգրացիայի առիթ է դարձել ԵՄ հետ վիզաների ազատականացումը։ Միգրացիոն թեման շատ լուրջ է Եվրոպայում։ Ես լուրջ քաղաքական կամք եմ ակնկալում ԵՄ կողմից, որ կարողանան Հայաստանին տալ վիզային ազատականացման երկխոսության հնարավորությունը։ Մենք կարող ենք քաղել ուրիշի դառը փորձի դառը պտուղը։
Ազատականացման դիալոգը պետք է սկսել, դրանից հետո երկու տարի սպասել։ Եթե հենց այսօր այդ երկխոսությունն սկսվի, ապա երկու տարի անց նոր արդյունք կունենանք։ Բոլոր քաղաքական փաստաթղթերում վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության խնդիրն օրակարգային է»։
Աշոտյանի խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ՀՀ իշխանությունների համար շատ կարևոր է. «Իշխանություններն ուզում են սկսել, ամեն կերպ պնդում են, որպեսզի ազատականացման երկխոսությունն օր առաջ սկսվի։ Եվրոպական երկրներն են, որ քաղաքական որոշում դեռ չեն կայացրել»։