Կատալոնիայի խորհրդարանի խոսնակը դուրս եկավ բանտից
Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը դուրս է եկել բանտից՝ գրավ վճարելով 150 հազար եվրոյի չափով:
Այդ մասին հայտնել են իսպանական ԶԼՄ-ները: Նա մինչեւ ըստ էության գործի քննությունը կարող է ազատության մեջ մնալ որոշակի պայմաններ կատարելու դեպքում. նրան արգելված է մեկնել Իսպանիայի տարածքից, նրա անձնագիրն առգրավված է, նա պարտավոր է շաբաթը մեկ ներկայանալ դատարան:
Ֆորկադելի համար գրավի վճարման գումարը հայթայթել է «Կատալոնիայի ազգային ասամբլեա» (ԿԱԱ) հասարակական կազմակերպությունը, որը հանդես է գալիս Կատալոնիայի անկախության օգտին: Նրա առաջնորդ Ժորդի Սանչեսը նույնպես կալանավորված է խռովության մեղադրանքով: Ինչպես պարզաբանել են կազմակերպությունում, գրավի գումարն ստացվել է ԿԱԱ-ի «փոխօգնության գանձարկղից»:
Իսպանիայի Գերագույն դատարանի դատավորը նոյեմբերի 9-ին վճիռ էր կայացրել անկախության հռչակման կապակցությամբ դատական հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին՝ 150 հազար եվրո գրավով ազատ արձակելու իրավունքով: Կատալոնիայի պալատի ղեկավար մարմնի մյուս չորս անդամները կարող են մնալ ազատության մեջ՝ 25 հազար եվրո գրավով: Եվս մեկ պատգամավորի հաջողվել է խուսափել հնարավոր ձերբակալումից՝ առանց դրամական միջոցներ մուծելու անհրաժեշտության:
Դատախազությունը վեց քաղաքական գործիչների նկատմամբ առաջադրել է ապստամբության կազմակերպման, խռովության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ: Ընդհանուր առմամբ այդ հանցագործությունները պատժվում են 48 տարվա բանտարկությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: