
«Արցախում տարկետում վաղուց չկա». Աշոտ Ղուլյանը` ՀՀ-ում տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի մասին

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Հայաստանում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել զինծառայությունից տարկետման իրավունքը: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ չպետք է գնալ հակադրությանը՝ գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը:
«Մենք միաժամանակ ստիպված ենք համադրել: Անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաև գիտությունը: «Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանակում ծառայելուց: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշեց Ղուլյանը:
Հարցին, թե Արցախում պաշտոնյաների որդինե՞րն էլ են բանակ գնում, Ղուլյանը դրական պատասխան տվեց. «Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝ Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայել են և ծառայում են»: