
Հարավկորեական ռազմանավերը կմիանան Ճապոնական ծովում ԱՄՆ-ի երեք ավիակիրների վարժանքներին

Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի մարտանավերը կմիանան ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ռազմանավերին Ճապոնական ծովի ջրատարածքում Կորեական թերակղզու ափերի մոտ անցկացվելիք ընդգրկուն վարժանքների ընթացքում: Այդ մասին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները, հղում անելով պաշտոնական աղբյուրների:
Հարավային Կորեայի կողմից վարժանքներին կմասնակցեն երեք էսկադրային ականակիր եւ չորս օժանդակ նավ: Զինավարժություններն անցկացվելու են նոյեմբերի 11- 14-ը: Դրանցում գործի կդրվեն Միացյալ Նահանգների միանգամից երեք ավիակրային հարվածային խմբեր, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի մամուլի ծառայությունը, նավատորմ, որը բազավորված է Յոկոսուկայում (Ճապոնիա):
Ընդգրկուն զորախաղերում կներգրավվեն Nimitz, Theodore Roosevelt եւ Ronald Reagan ավիակիրները, ինչպես նաեւ օժանդակ նավեր: Դրանք «համակարգված գործողություններ» կանցկացնեն «միջազգային ջրերում»:
Ամերիկյան երեք ատոմային ավիակիրներն՝ ուղեկցող նավերով, շուրջ 20 հազար զինծառայողներ են, հարյուրավոր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հրթիռներ եւ հրետանի: Ամերիկյան ռազմական հզորության այս ցուցադրումը կապված է Ասիախաղաղօվկիանիսյան տարածաշրջանի երկրներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս օրերին ընթացող երկարատեւ շրջագայության հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: