
Ապօրինի աբորտ կատարելու դեպքեր զինվորական հոսպիտալում. քրեական գործ է հարուցվել

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական և ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում: Վերջինս, խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):
Դեպքի առթիվ ՀՀ ԶԿԴ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: