Բաժիններ՝

«ՏԻՄ-երի բացթողումները վերացնելու դեպքում կունենանք հզոր երկիր». Դավիթ Լոքյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վստահ է, որ Հայաստանը կարող է լուրջ տնտեսական աճ գրանցել համայնքներում տնտեսական հզորացման դեպքում։

Նա ոլորտում անելիքներին անդրադարձավ տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ Երևանում մեկնարկած «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին:
ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, շնորհավորելով ներկաներին Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ, կարևորեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի ներկայությունը: Նախարարը ներկայացրեց տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրները և խոսելով առաջիկա բարեփոխումների մասին, ասաց, որ սա լուրջ խթան է էլ ավելի ինտենսիվացնելու համայնքային բարեփոխումները Հայաստանում։

Լոքյանի պնդմամբ՝ ՏԻՄ-երի բացթողումներն ու թերությունները պետք է վերացնել, ինչի պարագայում կունենանք հզոր երկիր։

«Մենք շատ լավ գիտենք այն հազարավոր թերությունները, որոնք կան այդ համակարգում, սակայն սա մի օղակ է, որի վրա խարսխվում է մեր երկրի ընդհանուր կառույցը՝ տեղական ինքնակառավարում, տարածքային կառավարում և այլն։ Ինչքան էլ մենք փորձենք դիտարկել, քննադատել, մենք այսօր ունենք այն կառույցները, որ տեղական մակարդակով կառավարում են, կանոնակարգում, որոշակի ծառայություններ են մատուցում ժողովրդին։

Մեր ամբողջ խնդիրն այն է, որ կարողանանք շատ արագ այն բացթողումները, թերությունները, որոնք մենք այս կարճ ժամանակահատվածում ունեցել ենք, վերացնել։ Այդ պարագայում մենք կունենանք հզոր երկիր։ Երբ մենք ունենանք տնտեսական հզորացում համայնքներում և լուրջ ժողովրդավարություն, երկրում լուրջ տնտեսական աճ կգրանցվի»,- նշեց նախարար Լոքյանը և հավելեց, որ Հայաստանին պետք են անկախ, ուժեղ, հզոր, խելացի համայնքապետեր, ովքեր կապահովեն բարեկեցիկ կյանք։

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն էլ ասաց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար։ Նա նկատել է, որ Կոնգրեսի հետ համագործակցությունը կարող է շատ լավ հիմք դառնալ Հայաստանի համայնքների ուժեղացման համար,

«Ներկայիս բարեփոխումներն ուղղված են Հայաստանի համայնքների ուժեղացմանը: Ես շատ արդյունավետ եմ համարում Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ ձևավորված համագործակցությունը։ Մեզ համար Հայաստանը վստահելի գործընկեր է: Ես շատ արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Դավիթ Լոքյանի հետ և ծանոթ եմ ոլորտում կատարվող բարեփոխումներին»,- ասաց Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և պատրաստակամություն հայտնեց այդ գործընթացում աջակցությունը շարունակելու:

Համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս