Վախճանվել է «Էմմի»-ի դափնեկիր Ջոն Հիլերմանը
Ամերիկացի դերասան Ջոն Հիլերմանը 84 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում: Այդ մասին նրա ներկայացուցիչ Լորի դե Վաալը նոյեմբերի 10-ին հայտնել է CNN-ին։ Նշվում է, որ նա մահացել է բնական պատճառներով:
Հիլերմանն ԱՄՆ-ում ճանաչում է ձեռք բերել «Մասնավոր դետեկտիվ Մագնումը» քրեական հեռուստասերիալում խաղացած գլխավոր դերերից մեկի շնորհիվ, որը թողարկվել է 1980-ից մինչեւ 1988 թվականը: Նա մարմնավորել է վերակացու Ջոնաթան Հիգինսին՝ դետեկտիվ Մանգումի օգնականին, որի դերը կատարել է Թոմ Սելեքը: Այս դերի համար Հիլերմանը 1982 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» եւ չորս անգամ անվանակարգվել է «Էմմի» մրցանակի: Նա հեռուստատեսային մրցանակի դափնեկիր է դարձել 1987 թվականին:
Արտիստը նաեւ նկարահանվել է «Թղթե լուսին», «Չինական թաղամաս», «Վերջին կինոսեանսը», «Քիլլերները» եւ «Բարձր հարթավայրերի ձիավորը» ֆիլմերում, Բացի այդ, Հիլերմանը խաղացել է «Նա գրել է սպանություն» եւ «80 օր աշխարհի շուրջը» սերիալներում: