Նոր վտանգներ՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքի համար

Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ սրվող հակամարտությունը եւ դրա հետեւանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ եւ ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք լավ հարաբերություններ ունենք վարչապետ Հարիրիի եւ Լիբանանի կառավարության հետ եւ չեմ ակնկալում որ մեր հարաբերությունները կփոխվեն: Մենք կոչ ենք անում խուսափել այդ շրջանում իրավիճակը սրելուց», – ասել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթը:

Արձագանքելով ճգնաժամին ԱՄՆ-ի՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն ընդգծել է, որ Լիբանանում հնարավոր պատերազմը ոչ միայն փախստականների նոր հոսք կառաջացնի այլեւ կաջակցի ահաբեկչական կազմակերպությունների հզորացմանը, մինչդեռ երկրի քրիստոնյա համայնքները կարող են պարզապես վերանալ:

Լիբանանի ճգնաժամը սկսվել է սունի Սաուդյան Արաբիայի եւ շիա Իրանի հակամարտության հետեւանքով: Էլ Ռիադն արդեն կարգադրել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը, ինչը վերլուծաբանները բացասական նշան են համարում:

Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքը միշտ տուժել է տարբեր ուժերի բախումների պատճառով, հայտնվելով հակամարտող կողմերի միջեւ, «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նշել է Իրաքի քրիստոնյա, հայ մոր եւ ասորի հոր դուստր, միանձնուհի Մայր Օլգան.

«Այսպես, երբ Իրաքի քրդերն անկախություն հռչակեցին, նրանք սկսեցին պայքարել Իրաքի պետության դեմ, իսկ մենք՝ քրիստոնյաներըս, ինչպես միշտ նրանց միջեւ տուժեցինք»:

Մայր Օլգայի խոսքով, Դաեշի ահաբեկիչների եւ այլ հակամարտությունների պատճառով տարածաշրջանի քրիստոնյա համայնքները բնաջնջվում են, ինչն անընդունելի է, չէ որ հենց Մերձավոր Արեւելքից է քրիստոնեությունն աշխարհով մեկ տարածվել.

«Հայերը, ասորիները, խալդերը բոլորս առաջին դարի քրիստոնյա ենք»:

Մերձավոր Արեւելքը, որն անցյալում քրիստոնյա տարածաշրջան էր, չպետք է զրկվի իր քրիստոնյա համայնքներից եւ այդ հարցում դեր ունի ողջ երկրագնդի մարդկությունը, նշում է Մայր Օլգան: Նա կոչ է անում բոլորին՝ օգնել տեղի քրիստոնյաներին.

«Յուրաքանչյուրը չէ, որ կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կամ քաղաքական ձայն բարձրացնել, սակայն, յուրաքանչյուրը կարող է աղոթել: Մեր բոլոր եկեղեցիներն ունեն նահատակներ, այնպես որ բոլորս կարող ենք դիմել նրանց եւ աղոթել, որ Մերձավոր Արեւելքի մեր եկեղեցիները դիմակայեն»:

Տեսանյութեր

Լրահոս