Սաուդյան Արաբիայում հայտարարել են 100 մլրդ դոլարի հափշտակման մասին
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մոհեբը հայտարարել է, որ վերջին տասնամյակում սիստեմատիկ կոռուպցիայի եւ հափշտակումների հետեւանքով երկրի գանձարանն առնվազն 100 միլիարդ դոլար է կորցրել: Նրա խոսքով՝ 199 մարդ է հարցաքննվում կոռուպցիայի դեմ պայքարի՝ նոյեմբերի 4-ին սկսված ընդգրկուն արշավի ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
Գլխավոր դատախազը ոչ մի անուն չի հայտնել, բայց, ինչպես կարծում են, կասկածյալների թվում են բարձրաստիճան արքայազններ, կառավարության նախարարներ եւ ազդեցիկ գործարարներ:
«Խախտումների ապացույցները շատ համոզիչ են»,- հայտարարել է դատախազը: Նրա խոսքով՝ արշավը չի խախտել երկրի բնականոն գործարար ակտիվությունը, սառեցված են սոսկ որոշ անձանց մասնավոր բանկային հաշիվներ: Գլխավոր դատախազն ասել է, որ հետաքննություն է վարվում 208 անձի նկատմամբ: Նրանցից յոթը ազատ են արձակվել՝ առանց նրանց մեղադրանքների առաջադրման: