Բաժիններ՝

«Մենք ունենք առաջարկներ երկրորդ ընթերցման համար, որոնք կներկայացնենք ԱԺ»

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հավատացած է, որ տարկետման սահմանափակման մասին օրենքի նախագիծը կտա իր օգուտը, սակայն Մայր բուհը երկրորդ ընթերցման համար առաջարկներ կներկայացնի ԱԺ: Այս մասին ԵՊՀ ռեկտորը լրագրողներին հայտնեց համալսարանի ռեկտորատում մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով տեղի ունեցած խորհրդակցությունից հետո:

«Խորհրդակցության ժամանակ երկու հարց ենք քննարկել: Առաջինը՝ զինապարտության մասին օրենքի նախագիծը, որի մասին իմ կարծիքն արտահայտել եմ ԱԺ քննարկումներին: Երկրորդն ուսանողների գործողություններն են եղել: Խորհրդակցության մասնակիցների մեծ մասն օրինագծին կողմ է քվեարկել, եղել է երկու դեմ և մեկ ձեռնպահ: Մենք ունենք առաջարկներ երկրորդ ընթերցման համար, որոնք կներկայացնենք ԱԺ: Կարծում եմ, որ օրինագիծը իր օգուտը կտա, եթե մեխանիզմները կիրառվեն այնպես, ինչպես գրված է օրենքում»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:

Նա հավելեց նաև, որ առաջարկները վերաբերելու են տաղանդավոր և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Ռեկտորի խոսքով` տվյալ ուսանողների համար ծառայության ընթացքում պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան գիտությամբ զբաղվելու:

«Ուսանողների գործողությունները դատապարտող որևէ հայտարարություն չենք կարող անել: Մեր խնդիրն է հորդորել ուսանողությանը, որ նրանք վերադառնան լսարաններ: ԵՊՀ ռեկտորատը հորդորում է նրանց վերադառնալ լսարաններ: Մենք համարում ենք, որ այս տարբերակով խնդիրները բարձրաձայնելը արդյունավետ չէ»,-ասաց ռեկտորը: Սիմոնյանն ընդգծեց, որ դասախոսների նկատմամբ, ովքեր միացել են ուսանողներին, ճնշումներ և պատժամիջոցներ չեն կիրառվել:

ԵՊՀ ռեկտորատի կողմից ուսանողներին առաջարկվել է իրենց խնդիրները բարձրաձայնել տարբեր քննարկումների ժամանակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս