Մոլդովայի առաջին տիկինը լուսանկարվեց Փարաջանովի թանգարանում ցուցադրված հայտնի գլխարկներից մեկով
Մոլդովայի առաջին տիկին Գալինա Դոդոնը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ շրջեց Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Մոլդովայի առաջին տիկնոջը ներկայացրեց թանգարանի պատմությունն ու ցուցանմուշները: Առաջին անգամ Հայաստանում գտնվող Գալինա Դոդոնը, ով Սերգեյ Փարաջանովի մասին չէր լսել, տպավորված էր նրա արվեստով ու ձեռքի աշխատանքներով:
Մոլդովայի առաջին տիկնոջը ամենաշատը դուր էին եկել թանգարանում ցուցադրված վրացի դերասանուհի Նատո Վաչնաձեի չխաղացած դերերի հիշատակին նվիրված գլխարկները, որոնցից մեկով Գալինա Դոդոնը նաեւ լուսանկարվեց:
«Ինձ համար մեծ պատիվ է կրել այս գլխարկը: Ինձ այն շատ դուր է գալիս: Ես չեմ կարող փոխանցել զգացողություններս, շատ գեղեցիկ գլխարկ է»,- ասաց Դոդոնը:
Նա նշեց, որ խորապես տպավորված է թանգարանում իր տեսածով: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այստեղ գտնվելու հնարավորության համար, հագնել այս գլխարկն ու նկարվել այս գործերի հետ»,-ասաց Մոլդովայի առաջին տիկինը:
Թանգարանում շրջելուց հետո երկու երկրների առաջին տիկինները միասին ճաշեցին Սերգեյ Փարաջանովի հյուրասենյակում: