«Ժամը 10-ին իմ ինչի՞ն է պետք ձեր օգնությունը, եթե իմ տանիքը պետք է փուլ գա, ես մնամ տակը». Պուշկինի 52-ի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում

Ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրևը վնասներ է հասցրել Պուշկինի 52 շենքի բնակարաններին։ Շենքի տանիքում ընթացող շինարարական անփույթ աշխատանքների պատճառով անձրևաջուրը վնասել է նախ՝ երրորդ, ապա՝ երկրորդ հարկի բնակարանները։ Պուշկինի 52 շենքի 12 բնակարանի բնակիչ Լալա Խաչատրյանը 168.am-ին պատմեց, որ գիշերվա ժամը 3-ին ջրի աղմուկից արթնացել են, հասկացել, որ անձրևաջուրը լցվում է իրենց վերևի բնակարան։ Անմիջապես զանգահարել են տան բնակիչներին, որոնք այլ վայրում են բնակվում, և փորձել են կապվել շինարարական աշխատանքներ իրականացնող անձնավորության հետ։ Տիկին Լալան զանգահարել է նաև 911, որտեղից ասել են, որ առավոտյան ժամը 10։00-ին նոր կարող են օգնել բնակիչներին։

«Զանգել եմ 911, ասում եմ՝ ընկերուհի ջան, մեզ մոտ ահավոր վիճակ է։ Ես երկրորդ հարկի բնակիչ եմ, ամբողջ ջուրը լցվում է վերևիս հարևանի տուն, ապա՝ իմ տուն։ Խնդրեցի մի խումբ ուղարկել՝ տանիքից ջուրը հեռացնեն։ Նա ասաց՝ հիմա ձեզ կպատասխանեմ։ Ես երկար ժամանակ սպասեցի, նորից հետ զանգեցի, մեր հասցեն ուզեց։ Հասցեն նշեցի, ասաց՝ ես ձեր խնդիրը ներկայացրել եմ քաղաքապետարան, քաղաքապետարանը պետք է ասի թաղապետարանին, թաղապետարանը՝ համայնքին։ Հետո էլ ասաց, որ աշխատանքային ժամը առավոտ 10։00-ին է սկսվում։ Ես ասացի՝ ժամը 10-ին իմ ինչի՞ն է պետք ձեր օգնությունը, եթե իմ տանիքը պետք է փուլ գա, ես մնամ տակը, 10-ին գալը ի՞նչ կանի»,- ասաց տիկին Լալան։

Նրա խոսքով՝ առավոտյան 10։00-ին ԺԷԿ-ից մի մարդ է եկել, ներկայացել է՝ որպես ինժեներ. «Նա հարցնում է՝ սա ի՞նչ տարածք է, քանի՞ քառակուսի է։ Ես ասում եմ՝ քառակուսին ի՞նչ կապ ունի, չե՞ք տեսնում՝ ինչ վիճակ է, նա պատասխանեց, թե վերևից է իջնում, ամեն ինչ տեսել է և կզեկուցի։ Նա գնաց, որ զեկուցի։ Հիմա իմ այս ծախսերն ո՞վ է անելու։ Ես հազիվ վերանորոգել էի բնակարանս»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներ իրականացնող անձնավորությանը, ապա տիկին Լալան ասաց, որ, երբ նոր են սկսվել անձրևները, և վնասվել է իրենց մի ննջասենյակը, ինքը խնդրել է դադարեցնել շինարարական աշխատանքները և դրանք գարնանը շարունակել, բայց նա մերժել է. «Նա դրեց ու շարունակեց իր սև գործը։ Ինձ ասում է՝ ամեն ինչ լավ կլինի, բայց հիմա տունս անընդհատ կաթում է։ Ես ինչքա՞ն պետք է ջեռուցեմ, որ տունս չորանա, այդքան գումար էլ չունեմ։ Ինչի՞ համար ծախսի ու պարտքի տակ ընկնեմ, ես այսքան արել-դրել եմ, որ ինքը գա՝ ավերի՞։ Զանգում ենք թաղապետարան, ասում են՝ շինարարությունն օրինական է, բայց մեզ այս պահին մեր տունն է հետաքրքրում, ոչ թե օրինականությունը։ Թույլտվություն կա, բայց ի՞նչ հիմքով են եռահարկ բաղդատի շենքի վրա մի հարկ ևս ավելացնելու թույլտվություն տվել։ 21-րդ դարում կոյուղին անցկացրել է շենքի վրայով, բա որ հանկարծ այդ խողովակը վնասվի.  խայտառակություն»։

Շենքի երրորդ հարկի բնակարանն ավելի վատ վիճակում էր. խոհանոցի տանիքը թափվել էր, տանիքից անձրևաջուր էր հոսում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս