Իսպանացիների գրեթե քառորդ մասը բոյկոտում է կատալոնական մթերքները. La Razon
Կատալոնական ճգնաժամը, ինչպես երեւում է, արդեն հասցրել է ոչ միայն տնտեսական վնաս պատճառել Իսպանիային, այլեւ պառակտել է պիրենեյան թագավորության հասարակությունը: Համապատասխան եզրակացությունը բովանդակում է այն հարցումը, որի արդյունքները ներկայացրել է La Razon թերթը։
Հրատարակության տեղեկատվության համաձայն, իսպանացիների գրեթե քառորդ մասը, չհաշված բուն Կատալոնիայի բնակիչներին, դադարել է գնել այն մթերքները, որոնք արտադրվել են երկրի այս ինքնավար հանրակցությունում:
Բացի այդ, հարցման մասնակիցների եւս 21 տոկոսը չի բացառում, որ կդադարի դրանց ձեռքբերումը: Տարածաշրջանի անկախության դեպքում իսպանացիների գրեթե 50 տոկոսը հավաստիացրել է, որ կատալոնական ապրանքներ չի գնի այն դեպքում, երբ 35,5 տոկոսը համաձայն չէ դրանց բոյկոտին:
Ինչպես ճշտվում է հետազոտության մեջ, հարցվածների ավելի քան 77 տոկոսը պաշտպանում է Կատալոնիան «լքելու» եւ իրենց իրավաբանական հասցեները թագավորության այլ ինքնավար հանրակցություններ տեղափոխելու ձեռնարկությունների որոշումը:
Հոկտեմբերի 1-ից նման քայլի դիմած ընկերությունների թվաքանակն անցել է 2 հազարի նշագիծը: Իր հերթին Իսպանիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ մրցունակության նախարար Լուիս դե Գինդոս Խուրադոն կարծում է, որ անհրաժեշտ է աջակցել կատալոնական ձեռնարկություններին, այլ ոչ թե նրանց բոյկոտ հայտարարել:
Կարեւոր է վերջ դնել այս պառակտմանը եւ անորոշության այս զգացողությանը»,- ասել է գերատեսչության ղեկավարը: «Սա այն պահն է, երբ Իսպանիայում պետք է աջակցել կատալոնական ձեռնարկություններին, չէ որ դրանք իսպանական տնտեսության բաղկացուցիչ մասն են,- նշել է նախարարը:-Բոյկոտը ոչ մի իմաստ չունի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: