«Յոհանես Հանը ևս վստահություն հայտնեց, որ որևէ խոչընդոտ չկա ԱԼԳ գագաթաժողովի ժամանակ համաձայնագրի ստորագրման համար». Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ դեկտեմբերի 1-ին «Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին որոշումը:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ նոյեմբերի 24-ին Եվրամիության հետ Հայաստանը կստորագրի շրջանակային համաձայնագիրը, որի շուրջ էլ լինելու են խորհրդարանական լսումները:
Թե ինչո՞ւ են լսումները լինելու ԵՄ գագաթաժողովից հետո, և ոչ թե՝ առաջ, լրագրողների հետ զրույցում Ն.Զոհրաբյանը նշեց, որ՝ քանի որ փաթեթն արդեն նախաստորագրված է, և համաձայնագրում որոշակի փոփոխություններ չեն ենթադրվում:
Նա հայտնեց, որ օրերս Բրյուսելում հանդիպել է ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ, և իրենց քննարկման օրակարգը եղել է համաձայնագիրը, դրա տարբեր դրույթներ, վիզաների ազատականացում, «Կոսմե», «Հորիզոն 2020», ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ լայն փաթեթ.
«Յոհանես Հանը ևս վստահություն հայտնեց, որ որևէ խոչընդոտ չկա ԱԼԳ գագաթաժողովի ժամանակ համաձայնագրի ստորագրման համար:
Դրանից հետո մեր խնդիրը պետք է լինի՝ հանրությանը, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություներին առավել լայն տեղեկատվություն տրամադրել համաձայնագրի բոլոր դրույթների վերաբերյալ: Սա է մեր հրավիրվելիք լսումների նպատակն ու բովանդակությունը»: