Ամերիկացիների գրեթե 70 տոկոսի կարծիքով՝ Թրամփին չեն հարգում աշխարհի մյուս ղեկավարները. հարցում
Ամերիկացիների ավելի քան երկու երրորդն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մյուս պետությունների ղեկավարների կողմից առանձնահատուկ հարգանք չի վայելում: Այդ մասին վկայում են նոյեմբերի 8-ին հրապարակված հարցման արդյունքները, որը նոյեմբերի 2-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակաշրջանում CNN հեռուստաալիքի պատվերով անցկացրել է SSRS ծառայությունը։
Պատասխանելով համապատասխան հարցին՝ մասնակիցների 68 տոկոսը հայտարարել է, որ, իրենց կարծիքով, մյուս երկրների ղեկավարները «մեծ հարգանք չեն տածում» Թրամփի նկատմամբ: Հակառակ կարծիքն ունի հետազոտության մասնակիցների 24 տոկոսը, 8 տոկոսը չի պատասխանել: Վերջին սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունից դժգոհ է 59 տոկոսը, դրան դրական է վերաբերվում 36 տոկոսը:
Հարցվածների 48 տոկոսը հավանություն չի տալիս այն բանին, թե գործող նախագահն ինչպես է պայքարում ահաբեկչության դեմ, այդ ուղղությամբ վարչակազմի աշխատանքին դրական է վերաբերվում 44 տոկոսը: Բացի այդ, 58 տոկոսը կարծում է, որ Վաշինգտոնը արդյունավետ քաղաքականություն չի վարում ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ. հակառակ կարծիքին է 35 տոկոսը:
Ընդհանուր առմամբ հարցվածների 64 տոկոսը հայտարարել է, որ ներկայում ավելի քիչ է վստահ պետության ղեկավարի պարտականությունները կատարելու հանրապետական ընդունակությունների հարցում: 30 տոկոսն ասել է, որ, ընդհակառակը, սկսել է ավելի շատ հավատալ այն բանին, որ Թրամփն ի վիճակի է կատարել այդ պարտականությունները: Հետազոտության մասնակիցների 55 տոկոսը նշել է, որ նախագահը վատ է կատարում «այն կարեւոր խոստումները, որոնք տրվել էին նախընտրական արշավի ընթացքում»: Հակառակ տեսակետն ունի հարցվածների 40 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: