
Սի Ցզինպինը հայտարարել է ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների նոր փուլի սկսվելու մասին

Չին-ամերիկյան հարաբերությունները ներկայում գտնվում են զարգացման նոր փուլի շեմին: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը այցով Պեկինում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:
ՉԺՀ-ի նախագահը նշել է, թե երկու պետությունների ղեկավարները համակարծիք են, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունները մեծ նշանակություն ունեն գլոբալ խաղաղության, բարգավաճման ու կայունության պահպանման համար: Ինչ վերաբերում է Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին, ապա «նրանց միջեւ համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է», ասված է հաղորդագրության մեջ:
Սի Ցզինպինը նաեւ ուշադրություն է դարձրել բարձր մակարդակով շփումների պահպանման կարեւորության վրա եւ հանդես է եկել «Կորեական թերակղզու եւ Աֆղանստանի հարցերի, միջազգային ու տարածաշրջանային այլ կարեւոր խնդիրների շուրջ գործողությունների համակարգման» օգտին: Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սի Ցզինպինին հայտարարել է, որ իրենք համատեղ ի վիճակի են լուծել աշխարհի բոլոր խնդիրները, ներառյալ հյուսիսկորեականը: «Հավատում եմ, որ մենք կարող ենք լուծել գրեթե բոլոր խնդիրները, հավանաբար՝ բոլոր»,-ասել է Թրամփը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: