ԱՄՆ-ը Մոսկվային մեղադրել է Սիրիայում «քիմիական զենք կիրառող ահաբեկիչներին» պաշտպանելու մեջ
Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) համատեղ մեխանիզմի լիազորությունների ժամկետի երկարացման հարցում Ռուսաստանի բռնած դիրքը փաստորեն ապահովում է ահաբեկիչների պաշտպանությունը, որոնք շարունակում են մարտական թունավոր նյութեր կիրառել այդ արաբական երկրում:
Դա հղում անելով ՏԱՍՍ-ին, պնդվում Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի՝ նոյեմբերի 8-ի երեկոյան հրապարակված գրավոր հայտարարության մեջ: «Մենք Ռուսաստանին կոչ ենք անում փոխել ուղեգիծը նախքան Հետաքննության համատեղ մեխանիզմի լիազորությունների ժամկետի լրանալը: Եվ մենք գտնում ենք, որ բոլոր պատասխանատու երկրները պետք Է (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում) քվեարկեն սույն կարեւորագույն մեխանիզմի լիազորությունների ժամկետը երկարացնելու օգտին»,- հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Հետաքննության համատեղ մեխանիզմի լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 17-ին: Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության՝ ՄԱԿ-ի եւ ՔԶԱԿ-ի համատեղ մեխանիզմի ղեկավար Էդմոն Մուլեի կողմից նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացված զեկույցում ասվում է, որ Սիրիայի իշխանություններն են պատասխանատվություն կրում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխուն քաղաքում զարինի օգտագործմամբ հարձակման համար: «Վերլուծելով ստացված տեղեկատվության ամբողջ զանգվածը՝ կարելի է վստահությամբ հայտարարել, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունն է պատասխանատվություն կրում Խան Շեյխունում զարինի կիրառման համար»,- հայտարարել է Մուլեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: