«Դասադուլը մեր քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել». Էդուարդ Շարմազանով. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի քննարկումներին եւ այլ հարցերի: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ անդրադարձ եղե՞լ է ուսանողների կողմից անցկացվող դասադուլներին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ինֆորմացիա տրվել է: Դասադուլները մեր քաղաքացիների, ուսանողների իրավունքներն են»: ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ ուսանողական տարիներին ինքն էլ է դասադուլներ կազմակերպել եւ եղել է այն ուսանողների ցանկում, որոնք 1996 թվականի ապրիլի 18-ից 20-ը հացադուլ են անցկացրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նստավայրի դիմաց:
«Այն ժամանակ իրավիճակն այլ էր: Մենք դասադուլ հայտարարեցինք, նաեւ նստացույց, այնուհետեւ հացադուլ արեցինք, որովհետեւ իշխանությունը մեզ լսելու ցանկություն չուներ: Ոչ մի իշխանավոր այդ 48 ժամվա ընթացքում, երբ մենք հացադուլ էինք իրականացնում, չմոտեցավ մեզ եւ չհարցրեց, թե ինչ ենք մենք ուզում, որն է մեր պահանջը: Այսօր իրավիճակն այլ է: Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր պատրաստակամությունն է հայտնել հանդիպել դաադուլավոր ուսանողների հետ, սակայն նրանք չմասնացեցին այդ քննարկմանը, ափսոսանքով պետք է նշեմ»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ինքը համաձայն է պաշտպանության նախարարի հետ, որ ուսանողներին ավելի շատ հետաքրքրում է գործընթացը, քան արդյունքը:
«Դասադուլը մեր քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել: Մենք գտնում ենք, որ այս օրենքն անհրաժեշտ է, այն բխում է ՀՀ անվտանգության ամրապնդման շահերից: Այս օրենքը չի կարելի պրիմիտիվացնել եւ ասել միայն՝ տարկետման իրավունքին է վերաբերվում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: