
Հաշմանդամները կրկին չեն ստացել իրենց հասանելիք պարագաները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լսողական սարքերի կամ հաշմանդամի սայլակի կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները տեւական ժամանակ է՝ չեն ստացել իրենց հասանելիք պարագաները: Պատճառը նոր կարգն է, որի մասին որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվեց սեպտեմբերի 7-ի նիստում:
Ըստ այդ նոր կարգի` շահառուներին հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա: Ու հիմա՝ այդ որոշման ընդունումից ուղիղ երկու ամիս անց, շահառուները ո՛չ հավաստագիր ունեն եւ ո՛չ էլ լսողական սարք ու հաշմանդամի սայլակ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանն էլ պարզաբանել է, թե այժմ նախարարությունը պայմանագրեր է կնքում համապատասխան կազմակերպությունների հետ. «Անելիքը կազմակերպություններինն է, որոնք պետք է գոնե այս շաբաթվա ավարտին գան ու պայմանագրերը կնքեն»,- ասել է նա:
Իսկ մինչ այդ տուժում են այդ պարագաների կարիքն ունեցող ՀՀ քաղաքացիները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: