Գրկել է չինուհուն, գցել գետնին, փորձել է պառկել նրա վրա, սեքսուալ գործողություններ կատարել… մանրամասներ
Չինաստանի Հանրապետության քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատարան։
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող վայրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհու կամքին հակառակ և նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Ըստ մեղադրանքի՝ տղամարդը դեպքի օրն ավտոմեքենայով Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող «Խոր Վիրապ» վանական համալիրի մոտակայքում՝ կենտրոնական ճանապարհին, նկատել է մինչ այդ իրեն անծանոթ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհուն։
Ավտոմեքենան կանգնեցնելով նրա մոտ` տղամարդը ձեռքերի շարժումներով և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ Չինաստանի քաղաքացուհին ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան: Կնոջն ավտոմեքենան նստեցնելուց հետո տղամարդը Երևան գնալու փոխարեն՝ ավտոմեքենան վարել է Արարատ քաղաքի ուղղությամբ, նրան ցուցադրել է մի քանի տեսարժան վայրեր և շրջելով՝ միասին գնացել են Ուրցաձոր գյուղում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածք, որտեղ տղամարդը, ցանկանալով սեռական հարաբերություն ունենալ չինուհու հետ, գրկել է նրան, գցել գետնին, փորձել է պառկել նրա վրա, սակայն կինը դիմադրել է ու կծել տղամարդու այտը և կրծքավանդակի ձախ հատվածը:
Այդ կերպ չինուհին դիմադրել է, փորձել է թույլ չտալ տղամարդուն շարունակել գործողությունները, ձեռքերով ցույց տալով սեռական օրգանը՝ հասկացրել է, որ կույս է: Դրանից հետո տղամարդը, հրաժարվելով սեռական հարաբերություն ունենալու մտքից, սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով չինուհու կամքին հակառակ և վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով՝ կծել է չինուհու զույգ այտերը, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին՝պատճառելով մարմնական վնասվածքներ, միաժամանակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Ըստ մեղադրանքի՝ տղամարդն առաջարկել է խաթարված ձևով բավարարել սեռական կրքերը:
Չինուհին, վախենալով, որ պահանջը չկատարելու դեպքում վերջինս իրեն կարող է վնասել, կատարել է նրա պահանջը, սակայն այդ ընթացքում նկատելով իրենց ուղղությամբ շարժվող ավտոմեքենան՝ ընդառաջ է վազել այդ ավտոմեքենային և առանց ավտոմեքենայի վարորդին և ուղևորին բարևելու կամ նրանց հետ խոսք փոխանակելու՝ նստել է ավտոմեքենան և նրանց հետ միասին հեռացել նշված վայրից: