««Միլա՞ն». մոռացեք այդ մասին». Անտոնիո Կոնտե
«Չելսիի» գլխավոր մարզիչը հերքել է շշուկներն այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում նա կարող է գլխավորել «Միլանը»:
Չնայած ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարած լուրջ ծախսերին՝ «Միլանը» լավագույն ձևով չսկսեց մրցաշրջանը: Դա հանգեցրեց շշուկների այն մասին, որ «ռոսոներների» ղեկավարությունը կարող է հեռացնել Վինչենցո Մոնտելային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից և փոխարինել նրան Անտոնիո Կոնտեով, ով, իր հերթին՝ պրոբլեմներ ունի «Չելսիում»:
««Միլա՞ն: Վերջացրեք, մոռացեք այդ մասին: Ես կենտրոնացած եմ միայն «Չելսիի» վրա և անում եմ միայն այն, ինչը լավ է «Չելսիի» համար: Ես գիտեմ, որ մեզ սպասվում է շատ դժվար, ինտենսիվ մրցաշրջան, բայց եթե մենք շարունակենք խաղալ այն նույն տրամադրվածությամբ, որը ցուցադրեցինք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, ապա կարող ենք պայքար մղել մինչև վերջ»,- ասել է Կոնտեն:
12-րդ տուրից հետո «Միլանը» հավաքել է 19 միավոր և գրավում է 7-րդ տեղն Իտալիայի առաջնությունում՝ հետ մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց 9 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը