
ԱՄՆ-ը և Չինաստանն արդեն 9 մլրդ դոլարի գործարքներ են կնքել Թրամփի այցի ընթացքում

Ամերիկյան եւ չինական ընկերությունները Չինաստան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցելության առաջին օրն ստորագրել են 9 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ մի շարք գործարքներ:
Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը: Առայժմ երկու երկրների ներկայացուցիչները հայտնել են 19 ստորագրված պարտավորագրերի մասին, նշել է գործակալությունը: ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Վան Յանի խոսքով՝ համաձայնագրերն ընդամենը նախորդում են Թրամփի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպման ժամանակ կնքվելիք ավելի խոշոր գործարքներին, ներառյալ բնական գազի եւ սոյայի ունդերի արտահանման համաձայնագրերը:
Չինաստան Թրամփի ուղեւորության նպատակներից մեկը ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական հարաբերությունների բարելավումն է: «Չինաստանի հետ առեւտրում դիսբալանսի վերացումը նախագահներ Թրամփի եւ Սի Ցզինպինի միջեւ բանավեճերի կենտրոնական թեման է»,-գործակալությանն ասել է ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը:
Նոյեմբերի 8-ին պետական այցով Չինաստան ժամանած ԱՄՆ-ի նախագահին ուղեկցում են 30 խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ: Ինչպես սպասվում Է, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի բանակցությունների հանգուցային թեմաները կդառնան Կորեական թերակղզու միջուկային խնդիրը եւ երկկողմ առեւտրի հարցերը: Այցը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 10-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: