
Օսլոյի կենտրոնն ահաբեկիչներից կպաշտպանեն վիթխարի ծաղկաթմբերով

Նորվեգիայի մայրաքաղաքի իշխանությունների որոշմամբ շուրջ 20 վիթխարի ծաղկաթմբեր են հայտնվել Օսլոյի Կառլ Յուհանի կենտրոնական փողոցում՝ բնակիչներին հնարավոր ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար, մոտ ժամանակներս արհեստական արգելափակոցների տեղադրումը կշարունակվի: Այդ մասին հայտնել է Aftenposten հրատարակությունը:
Կառլ Յուհանի փողոցը երկար եւ բանուկ մայրուղի է Նորվեգիայի մայրաքաղաքի կենտրոնում: Այն ձգվում է կենտրոնական կայարանից, անցնում է Նորվեգիայի խորհրդարանի, ազգային թատրոնի մոտով մինչեւ թագավորական պալատ: Այս փողոցում գտնվում են բազմաթիվ խանութներ ու սրճարաններ:
«Նման արգելափակոցների տեղադրումը, որոնք նվազեցնում են փոխադրամիջոցներով հարձակման վտանգը, առաջիկա շաբաթներին կշարունանկվի Կառլ Յուհանի, Լիլե Գրենսենի եւ Արբայդերգատի (փողոց Օսլոյի կենտրոնում) փողոցներում»,- գրել է հրատարակությունը՝ վկայակոչելով քաղաքի իշխանություններին: Յուրաքանչյուր թաղար կշռում է շուրջ 800 կիլոգրամ, դրանք տեղադրվում են երեքական խմբերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: