
Կատալոնիայում համընդհանուր գործադուլի մասնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում

Կատալոնիայում համընդհանուր գործադուլի մասնակիցները բնակավայրերում փակում են ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները: Այդ մասին հայտնել է Europa Press գործակալությունը:
Գործադուլն անցկացվում է ի նշան տարածաշրջանի քաղաքական գործիչների ձերբակալման եւ Կատալոնիայի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի ու նրա կառավարության նախկին չորս անդամների ձերբակալման օրդեր տալու դեմ բողոքի: Այսպես, ակցիայի պատճառով արդեն ընդհատվել է երկաթուղային հաղորդակցությունը Ժիրոնայի երկաթգծերին: Բարսելոնայում փակ է Գրան-Վիա հանգուցային փողոցներից մեկը:
Ընդհանուր առմամբ Կատալոնիայում ցույցերի պատճառով դժվարացել կամ դադարեցվել է երթեւեկությունը մի քանի տասնյակ ճանապարհներով: Ակցիաների մասնակիցները վանկարկում են՝ «Ազատություն»:
Բարսելոնայի հասարակական տրանսպորտը դեռեւս գործում է սովորական ռեժիմով: Կատալոնիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենը խոստացել է, որ ծառայություններ կտրամադրի ողջ օրվա ընթացքում: Մեծացվել են առանձին ավտոբուսների երթեւեկության ինտերվալները, որոնք ընթանում են մինչեւ էլ Պրատ միջազգային օդանավակայան: Օրվա ընթացքում պլանավորվում է անցկացնել եւս մի շարք ցույցեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: