«Monsanto ընկերության գործունեությունը կապվում է նաև միջուկային զենքի և ատոմային ռումբի արտադրության հետ». Դավիթ Պիպոյան

«Այնպես չէ, որ Monsanto ընկերությունը հետաքրքրված է բացառապես ՀՀ շուկայով։ Monsanto-ն հզորագույն ընկերություն է, որն ամեն տարի ահռելի մեծ քանակությամբ ֆինանսական ռեսուրսներ է ծասում՝ լոբբիստական աշխատանքների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց  ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

Նրա խոսքով՝ Monsanto ընկերությանը չի կարելի մեղադրել. «Այս և բոլոր այն ընկերությունները, որոնք կարող են մուտք գործել այլ երկիր, պետք է խաղան տվյալ երկրի խաղի կանոններով։ Եթե ՀՀ-ն չի սահմանել խաղի կանոններ և չի արգելում գենետիկորեն մոդիֆիկացված գյուղատնտեսությունը, ապա ոչ միայն Monsanto-ն, այլև կամայական այլ տրանսգենային սերմեր արտադրող կազմակերպություն, առանց որևէ խոչընդոտի, կարող է մուտք գործել ՀՀ»։

Հետևաբար, ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչու է այս օրերին շեշտադրումն արվում մասնավոր կազմակերպության վրա. «Միջազգային կազմակերպությունը որևէ մեղք չունի, որ ՀՀ-ն ունի անկատար օրենսդրություն, չունի ԳՄՕ ռիսկերի գնահատման համապատասխան կենտրոն, կամ առնվազն կառավարական հանձնաժողով, և այլն։

Ինչ վերաբերում է Monsanto ընկերությանը, ապա Դավիթ Պիպոյանը նշեց, որ այն հայտնի է ոչ միայն ԳՄՕ-ներով. «Այս ընկերության հետ պայմանավորված են մի շարք թույներ, որոնք և՛ շրջակա միջավայրի թույներ են, և՛ մարդու առողջության։ Մասնավորապես, այս ընկերությունը ներգրավված է եղել պոլիքլորացված բիֆենիլների արտադրության ոլորտում, որն այսօր համարվում է արգելված տարր, որովհետև պահպանվում է շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում։ Այս ընկերության անունը պայմանավորված է հորմոնային աճի խթանիչների արտադրության հետ, որի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում։

Ընկերության գործունեությունը կապվում է նաև միջուկային զենքի և ատոմային ռումբի արտադրության հետ։ Համաձայն որոշ աղբյուրների՝ այս ընկերությունը ներգրավված է եղել նաև Հիրոսիմայում և Նագասակիում կիրառված զենքի արտադրության ոլորտում»։

 

Տեսանյութեր

Լրահոս