Դելիում օդի աղտոտվածության պատճառով փակել են տարրական ու միջնակարգ դպրոցները
Դելիի իշխանությունները կարգադրել են մասնակիորեն փակել քաղաքային դպրոցները, ինչը կապված է քաղաքում օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակի հետ: Այդ մասին հայտնել է The Times of India թերթը: Հաղորդագրության համաձայն, քաղաքի տարրական ու միջնակարգ դպրոցները դադարեցրել են պարապմունքները, իսկ ավագ դպրոցներում դրանք ընթանում են կրճատված գրաֆիկով:
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են, որ եթե քաղաքում օդի որակը շարունակի վատանալ, իրենք կսահմանափակեն քաղաքում բենզինային ու դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտի օգտագործումը:
Նախօրյակին օդերեւութաբանները հայտնել են, որ Հնդկաստանի մայրաքաղաքի օդում վնասակար նյութերի կուտակումն ավելի քան կրկնակի գերազանցել է սահմանված նորման եւ հասել «պոտենցիալ վտանգավոր» մակարդակի:
Առողջապահության հիմնարկների աշխատակիցները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց:
2014 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Դելին ճանաչել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: