Բաժիններ՝

Մոսկվան հավանություն է տվել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդլայնմանը, բայց դեմ է վետոյի իրավունքի սահմանափակմանը

Ռուսաստանը հավանություն է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդլայնման գաղափարին՝ դրանում զարգացող երկրների ներկայացուցիչների ներառման հաշվին, սակայն վճռականորեն հանդես է գալիս վետոյի իրավունքի սահմանափակման ցանկացած փորձերի դեմ, որն ԱԽ-ի մշտական անդամներին թույլ է տալիս արգելափակել բանաձեւերը: Նոյեմբերի 7-ին այս դիրքորոշումը ՌԴ-ի ներկայացուցիչ Օլեգ Ֆիլիմոնովը հնչեցրել է Գլխավոր ասամբլեայի նիստում, որը նվիրված էր Անվտանգության խորհրդի բարեփոխմանը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար «անընդունելի են այն բոլոր գաղափարները, որոնք հանգեցնում են ԱԽ-ի ներկայիս մշտական անդամների առանձնաշնորհների, ներառյալ վետոյի ինստիտուտի սահմանափակման», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Անվտանգության խորհրդի բարեփոխման շուրջը միջկառավարական բանակցություններն ընթանում են արդեն մի քանի տարի, բայց երկրներին առայժմ չի հաջողվել միասնական կարծիքի գալ հանգուցային հարցերի շուրջը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի օպտիմալ կազմի, դրա մշատական եւ ժամանակավոր անդամների թվի, ինչպես նաեւ վետոյի իրավունքի կիրառման կարգի վերաբերյալ:

Մշտական անդամների շարքն ընդունվելու առավել հավանական թեկնածուների թվում են Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Ճապոնիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս