
Կուստուրիցան՝ Աբխազիայի բարի կամքի դեսպանների շարքում

Սերբ հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան միացել է Աբխազիայի բարի կամքի դեսպաններ բարեգործական շարժմանը: Ռեժիսորին համապատասխան վկայական և մեդալ են փոխանցել Մոսկվայում: Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ տեղեկացնում է Sputnik գործակալությունը:
Կուստուրիցան, ըստ աբխազական կողմի, աջակցություն է հայտնել Աբխազիայի մշակութային ժառանգության պահպանության հարցը միջազգային հասարակության ուշադրությանն արժանացնելու նախաձեռնությանը:
«Ես՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, աջակցում եմ «Աբխազիայի բարի կամքի դեսպաններին: Աբխազիայում գտնվող հնագույն քրիստոնեական տաճարները պետք է տեսնեն ապագա սերունդները»,- հայտարարել է Կուստուրիցան:
Էմիր Կուստուրիցան 2009 թվականին այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալի, իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին կայցելի Թբիլիսի: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Կուստուրիցան 2008 թվականին, երբ տեղի ունեցավ ռուս-վրացական կարճատև պատերազմը, Վրաստանին համարել է ագրեսոր: