Հայաստանում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը զրուցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյանի հետ.
– Պարո՛ն Մկրտչյան, կիբերհանցագործությունների ո՞ր տեսակներն են տարածված Հայաստանում: Կա՞ն թիրախավորված խմբեր:
– Քանի որ կիբերհանցագործությունները լայն շրջանակ ունեն, թիրախ կարող է լինել յուրաքանչյուրը: Չկա կոնկրետ որեւէ սոցիալական կամ մասնագետների խումբ, որոնց կարող ենք թիրախային խումբ համարել: Որպես այդպիսին թիրախ են անչափահասները, ովքեր տարրական գիտելիքներ չեն ունենում, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսեւորել սոցկայքերում, ինչերից պետք է խուսափել:
ՀՀ–ում ամենատարածված հանցատեսակը համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակությունն է: Օրինակ՝ բանկային քարտերից արվող հափշտակությունը:
Այլ հանցատեսակներ էլ կան, օրինակ՝ շորթումը: Սոցիալական ցանցերը հաճախ շորթման գործիք են դառնում: Պարզ օրինակ բերեմ: Մարդիկ մտերմական հարաբերություններ են ունենում եւ ինչ–ինչ ճանապարհներով փոխանակում ինտիմ լուսանկարներ: Այդ լուսանկարներն ընկնում են երրորդ անձի ձեռքը, եւ դրանք չհրապարակելու համար նա գումար է պահանջում:
– Վերջին տարիների կտրվածքով կիբերհանցագործությունների ի՞նչ ցուցանիշ ունենք:
– Տարեցտարի ՀՀ–ում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը: Պատճառն այն է, որ տարեցտարի մեր առօրյայում ավելանում է բջջային հեռախոսների եւ տեխնիկայի այլ տեսակների թիվը: Եթե երկու տարի առաջ 75 դեպք էր գրանցվել, ապա անցած տարի 100 դեպք է արձանագրվել: Ամբողջ աշխարհն է կանգնած այդ խնդրի առջեւ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: