Թուրքիան և ԱՄՆ-ն վերսկսել են վիզաների տրամադրումը
ԱՄՆ-ն Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչություններում սկսել է վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Այդ մասին, ըստ Ermenihaber.am-ի՝ հայտնում է «NTV» հեռուստաընկերության լրատվական կայքը:
Ամերիկյան կողմի հայտարարության մեջ նշվում է, որ վիզաների տրամադրումը սահմանափակ քանակով է լինելու: Ըստ հայտարարության՝ առայժմ վաղ է խոսել առանց սահմանափակման վիզաների տրամադրման մասին:
Հաղորդագրության մեջ, ամերիկյան կողմը նշել է, որ Թուրքիայից երաշխիքներ է ստացել, ըստ որի՝ դեսպանատան մնացած ամերիկացի աշխատողները չեն ձերբակալվի իրենց պարտականությունները կատարելիս:
Միաժամանակ ամերիկյան կողմը շարունակում է մտահոգված լինել Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորմամբ: Աշխատակցի ազատ արձակման նպատակով ԱՄՆ-ն կշարունակի բանակցություններ վարել Թուրքիայի հետ
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը իր հերթին է սկսել վիզաներ տրամադրել ամերիկացիներին՝ նույնպես սահմանափակ քանակով:
Հիշեցնենք,որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեչական խմբավորում համարվող գյուլենական կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ-ի քաղաքացիների համար։