«Թող ծառայեն պաշտոնյաների որդիները: Ուշադիր հետևեք, թող ծառայեն». Լևոն Մկրտչյան
«Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերի ներքո է, և ապրիլը կարող է միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարելու իր պարտքը հայրենիքի հանդեպ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` խոսելով պաշտպանության ոլորտի նոր օրենսդրության մասին:
Ըստ նրա` բուհերում տարկետման վերացումը վնաս չի հասցնի կրթությանը, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ, առավել ևս, որ այն երկրներում, որտեղ այդ սկզբունքը պահվել է, գիտության որակի պիկ կա այսօր: Նախարարի խոսքով` երբ վերլուծում ենք, թե ովքեր են պաշտպանել թեկնածուական դիսերտացիաներ, նրանցից քանիսն են մնացել գիտության մեջ, քանիսն են աշխատում, լավ պատկեր չի ստացվում: Լ.Մկրտչյանը չհամաձայնեց, որ սա հարված է պաշտոնյաների որդիներին, որոնք հիմնականում գիտությամբ զբաղվելու անվան տակ՝ խուսափում էին բանակից. «Թող ծառայեն պաշտոնյաների որդիները: Ուշադիր հետևեք, թող ծառայեն»:
Լ.Մկրտչյանը համոզվածություն հայտնեց, որ այս օրենքը մեծապես նպաստում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, քանի որ բոլորը պետք է ծառայեն ՀՀ բանակում. «Հիմա դուք՝ որպես քաղաքացի, գտնում եք, որ 80-90 %-ի համար կարելի է մի՞ պայման դնել, մնացած 5-10 %-ի համար ա՞յլ պայման դնել»:
Մանրամասները` տեսանյութում