![](/banners/BeFunky-design.jpg)
«Հակամարտության գոտիները պետք է ներառված լինեն միջազգային բնապահպանական ծրագրերում». Եվրանեսթ ԽՎ-ն զեկույց է ընդունել
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/banak-1.jpg)
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է «ԱլԳ տարածքում ամրապնդելով համագործակցությունն էներգետիկ ոլորտում Փարիզի Կլիմայի Փոփոխության Համաձայնագրի կատարմանը ընդառաջ» խորագրով էներգետիկ ոլորտին վերաբերվող զեկույց:
Զեկույցի 15-րդ հոդվածում տեղ է գտել հետևյալ պարբերությունը. «Հակամարտության գոտիները պետք է պատշաճ ներառված լինեն միջազգային կառավարական և ոչ կառավարական բնապահպանական ծրագրերում` անկախ քաղաքական իրավիճակից, որպեսզի մարդկանց բնապահպանական կարիքներն ամբողջովին երաշխավորված լինեն: Ընդգծում ենք, որ ոլորտային քաղաքականությունը այս ուղղությամբ պետք է ներառական լինի»:
«Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով թեմային, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Փաստացի առաջին անգամ է, որ նման միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի բնապահպանական իրավունքների ճանաչման, ոլորտային միջազգայնացման և ներառման կոչ է արվում: Հիշեցնենք, որ սա կրթության ոլորտից հետո երկրորդ ոլորտն է, որտեղ ի հեճուկս Ադրբեջանի կողմից Արցախի միջազգային մեկուսացման ջանքերի, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման հիման վրա նման մոտեցում է ցուցաբերվում: Կարծում եմ, սա արդյունավետ ուղղություն է Արցախի հետևողական միջազգայնացումը այս և այլ ոլորտներում ապահովելու համար»: