Հայաստանում ինն ամիսներին բնակչության բնական հավելաճը դրական է
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ծնվածների թիվը 27 հազար 655 է, մահացածներինը՝ 20 հազար 658 մարդ, բնական հավելաճը 6 հազար 997 է։ Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2017-ի ինն ամիսներին գրանցվել է ամուսնության 11 հազար 265 դեպք, ամուսնալուծության 2 հազար 963 դեպք։
Բացառությամբ Լոռիի (-75) և Տավուշի (-3)՝ մայրաքաղաքում և մյուս մարզերում բնական հավելաճը` ծնվածների ու մահացածների տարբերությունը, դրական է։ Ամենաշատ ամուսնությունները Երևանից (4667) հետո գրանցվել են Արմավիրի մարզում (1018), երրորդ տեղում Կոտայքն (943) է։ Ամուսնության ամենաքիչ դեպքերն արձանագրվել են Վայոց ձորում (204) և Տավուշում (406)։
Ամուսնալուծությունների թվով կրկին առաջատարը Երևանն է (1200), այնուհետև Լոռին (385) է, Կոտայքը, Արմավիրն ու Շիրակը համարյա հավասար են այս ցուցանիշով՝ միջինում 220 դեպք։ Ամուսնալուծության ամենաքիչ դեպքերը ևս գրանցվել են Վայոց ձորում (39) և Տավուշում (85)։
ՀՀ-ում 2017թ. ինն ամիսներին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 263 դեպք` 2016թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 222-ի համեմատ: