«ՌԴ-ից կոնյակով բեռնված 8 ավտոմեքենա ետ է ուղարկվել Հայաստան. ՌԴ-ն պահանջում է ցածրակարգ կոնյակ». Ավագ Հարությունյան

«Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, քանի որ Ռուսաստանը փոխել է խաղի կանոնները, իսկ գինու առումով խնդիրներ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ եթե նախկինում ՌԴ-ն իմիտացիա էր անում, որ պայքարում է կեղծարարության դեմ, հիմա նման իմիտացիա չի անում, Հայաստանի նկատմամբ խստացել են պայմանները.

«ՌԴ-ն մտցրել է ցուցանիշներ, որոնք Հայաստանում չեն չափվում, այդ գործիքները չունենք։ Կեղծարարները չեն կարող նախապես իմանալ, որ իրենք կեղծում են: Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, սա ասում են բոլորը, և ընդունում են բոլորը: Այդ կեղծարարության մակարդակը կարողանում էին անցյալում վերահսկել, թե՛ այստեղ՝ արտադրողները, թե՛ այնտեղ՝ ստուգողները: Կային լաբորատոր սարքավորումներ, որոնք թույլ էին տալիս այստեղ ստուգել, հետո հասկանալ կեղծիքի սահմանները, և այնտեղ հասկանալ իրենց չափորոշիչներով կեղծիքի սահմանները։

Ռուսները նոր չափորոշիչներ են մտցրել: Թթվածնի 17 իզոտոպի քանակությունն այստեղ չենք կարող ստուգել սարքերի բացակայության պատճառով: Նույնիսկ ոչ կեղծ կոնյակ արտադրողները չգիտեն Օ 17-ի քանակությունը: Արդեն ունենք դեպքեր, որ վերադարձվել է մեր կոնյակը ռուսական շուկայից»։

Ըստ նրա՝ հայկական կոնյակի հեղինակությունը շատ կտրուկ ընկել է. «Այսօր հայկական կոնյակն իր իմիջով հավասարվել է ռուսական և դաղստանյան կոնյակներին, և շուկայում ամենաէժանն է, ինչը ցավալի է։ Մենք անընդհատ նվազեցրել ենք գինը, ու այսօր այն իմիջը չէ, որն ունեինք մինչև 2008թ.։ Կոնյակի արտադրության մեջ ստվերային փողերը շատ մեծ են, այդ ստվերի մեջ շահագրգռված է ավելի շատ ռուսական կողմը, քան հայերը։ Եթե հայերը որոշեն, որ արտադրում ենք 100 տոկոսով ոչ կեղծված կոնյակ, դա չի ընդունվի ռուսական շուկայի կողմից, քանի որ այնտեղ պահանջում են ցածրակարգ կոնյակ»։

Նրա խոսքով՝ կոնյակի արտահանման ծավալների իրական աճն առաջին 9 ամիսներին 30-35%-ի սահմաններում է, իսկ գինունը՝ 30-40%։ Նրա խոսքով, այս տարի ՌԴ-ից կոնյակով բեռնված 8 ավտոմեքենա ետ է ուղարկվել Հայաստան: «Ես գիտեմ, որ մոտ 8 ավտոմեքենա ետ է եկել, բայց դրա մի մասը ոչ թե կեղծարարության, այլ ժամկետների խախտման պատճառով է եղել: Պրոցեդուրային խախտումներ կան՝ փաստաթղթերը ներկայացնելու, մի մասն էլ, իհարկե, կեղծ է եղել»։

Հարցին՝ թե ում արտադրանքն է դա եղել, նա հրաժարվեց պատասխանել։

Տեսանյութեր

Լրահոս