Զբոսաշրջությունը մինչև տարեվերջ կարող է 2,8 մլրդ դոլար բերել Վրաստանին
Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին խորհրդարանի նիստում ունեցած ելույթի ընթացքում նշել է զբոսաշրջության կարեւոր դերը երկրի տնտեսության զարգացման մեջ, տեղեկացնում է Sputnik-ը:
2017 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ օտարերկրյա զբոսաշրջությունից եկամուտը կազմել է 1,1 մլրդ դոլար, ինչը 225 միլիոն դոլարով կամ 26 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Ամբողջ 2016 թվականին օտարերկրյա զբոսաշրջությունից եկամուտը գերազանցել է 2 մլրդ դոլարը: «Մենք զբոսաշրջությունից եկամուտների զգալի աճ ունենք:
2012 թվականի համեմատությամբ նշված ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է: Սպասվում է, որ ընթացիկ տարում զբոսաշրջությունը մինչեւ 2,8 մլրդ դոլարի ներհոսք կապահովի տնտեսություն»,-հայտարարել է Կումսիշվիլին: Նա ընդգծել է, որ այս տարվա տասն ամսում Վրաստան այցելած օտարերկրացիների թվականակը գերազանցել է ամբողջ 2016 թվականի ցուցանիշը:
Հունվարից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում երկիր են այցելել ավելի քան 6,4 մլն օտարերկրացիներ, ինչը 18,8 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Նրանցից զբոսաշրջիկներ էին ավելի քան 3 մլն մարդ: