Բաժիններ՝

Apple-ի հասույթը գերազանցել է փորձագետների կանխատեսումները

Apple ամերիկյան կորպորացիան անցած ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, զուտ շահույթ է արձանագրել 10,7 մլրդ դոլարի չափով (1 բաժնետոմսի դիմաց 2,07 դոլար): Այս տվյալները տեղ են գտել ընկերության՝ նոյեմբերի 2-ին հրապարակված ֆինանսական հաշվետվության մեջ։

Անցյալ տարվա համապատասխան եռամսյակի արդյունքներով՝ ընկերության շահույթը կազմել էր մոտավորապես 9 մլրդ դոլար (բաժնետոմսի դիմաց՝ 1,67 դոլար): Վերջին երեք ամսում Apple-ի հասույթը աճել Է 12,2 տոկոսով՝ մինչեւ գրեթե 52,6 մլրդ դոլար: Դրանից 28,8 մլրդ դոլարը (մոտավորապես 55 տոկոսը) բաժին է ընկել iPhone սմարթֆոնների վաճառքներին:

Այս տվյալները գերազանցել են փորձագետների կանխատեսումները, որոնք, մասնավորապես, սպասում էին, որ ընդհանուր հասույթը կկազմի 50,7 մլրդ դոլարից ոչ ավելի: Ընդ որում՝ Apple-ում կանխատեսում են, որ ընթացիկ եռամսյակում, որը ներառում է ամանորյա տոներն ու մեծ վաճառքները, կորպորացիայի հասույթը կկազմի 84-87 մլրդ դոլար:

Անցած եռամսյակում iPhone-ի վաճառքները կազմել են շուրջ 46,7 մլն միավոր՝ նույնպես գերազանցելով վերլուծաբանների սպասումները, որոնք կանխատեսում էին, որ ընկերությանը կհաջողվի իրացնել 46,4 մլն սմարթֆոն: Նոյեմբերի 3-ին Apple-ն սկսել է իր նորագույն iPhone X-ի վաճառքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս