Բաժիններ՝

Պաշտոնատար անձինք մեղադրվել են տարբեր հանցագործությունների մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու մեջ:

Այսպես, ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Գևորգ Հագեյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ընկերոջ կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքի հետ կապված իրեն հրավիրել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հայտնել է, որ ինքն ընկերոջը չի հարվածել, և վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել տան բակում սայթաքելու և վայր ընկնելու հետևանքով: Սակայն հետագայում տեղեկացել է, որ իր բացատրությունում ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները ներառել են իր կողմից ընկերոջը փայտով հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Բացի այդ, Մասիսի բաժնի հետաքննիչը իրեն համոզել է իրականությունը չհայտնել, այնուհետև կեղծ տեղեկություններ է գրի առել դեպքի վայրի զննության արձանագրությունում:

Հատուկ քննչական ծառայութունում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են Գ. Հագեյանի պնդումները՝ ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ, ուստի որոշում է կայացվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Գ. Հագեյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է ՀՀ քաղաքացի Ջանիկ Հարությունյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Այսպես, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ջ. Հարությունյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանին մեղադրել է ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու մեջ: Ջ. Հարությունյանը, մասնավորապես, հայտնել է, որ հիշյալ պաշտոնատար անձն իրեն երբևէ չի հարցաքննել և առանց իր իմացության իր անվամբ կազմված հարցաքննության արձանագրությունում ներառել է ծանր հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և դատաձեռագրային փորձագետի եզրակացությամբ հերքվել են Ջ. Հարությունյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնատար անձը ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց չի կեղծել, և վերը նշված քաղաքացին նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Ըստ այդմ` որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս