Բարսելոնայի քաղաքապետարանը պահանջում է կալանքից ազատել կատալոնացի քաղաքական գործիչներին
Բարսելոնայի քաղաքապետարանը պահանջել է կալանքից ազատել Կատալոնիայի կառավարության նախկին անդամներին, որոնք ձերբակալվել են Իսպանիայի Ազգային դատական կոլեգիայի որոշմամբ:
Այդ մասին ասված է քաղաքապետարանի՝ նոյեմբերի 3-ին Twitter-ով տարածված հայտարարության մեջ: Քաղաքային իշխանությունները հանդես են եկել «բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատման» օգտին, որոնք «միշտ էլ գործել են խաղաղ ու դեմոկրատական եղանակով»: Բարսելոնան նաեւ իր աջակցությունն է հայտնել«Կատալոնիայի օրինական կառավարությանը, որը գլխավորում է պատվարժան նախագահ Կառլես Պուչդեմոնը եւ պատվարժան տեղակալ Օրիոլ Ժունկերասը»:
Քաղաքապետարանը նաեւ հորդորել է Եվրամիությանը եւ միջազգային մյուս կազմակերպություններին՝ միջնորդի դեր խաղալ իրադրության կարգավորման համար: Իր հերթին Կառլես Պուչդեմոնը ժեներալիտետի (կառավարության) անդամների ձերբակալումը համարել է «լուրջ սխալ եւ ոտնձգություն ժողովրդավարության դեմ» եւ պահանջել է ազատ արձակել իր ստորադրյալներին: Նոյեմբերի 2-ին Իսպանիայում դատավորը կարգադրել է մինչեւ գործի ըստ էության քննությունը կալանքի տակ վերցնել Կատալոնիայի ժեներալիտետի ութ նախկին անդամների: Պուչդեմոնն ինքը եւ կատալոնացի եւս մի քանի քաղաքական գործիչներ չեն վերադարձել Բրյուսելից, ուր մեկնել էին, եւ չեն ներկայացել դատական նիստին:
«Որպես (ժեներալիտետի) օրինական նախագահ՝ ես պահանջում եմ ազատ արձակել դրա խորհրդականներին»,- հայտարարել է Պուչդեմոնը Կատալոնիայի TV3 հեռուստաալիքի եթերում: Նախկին վարչապետը կատալոնացի քաղաքական գործիչների ձերբակալումները որակել է «ծանրագույն ոտնձգություն ժողովրդավարության դեմ եւ հարված տարածաշրջանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: